Մենարան Վարդան Հակոբյան

Իբրև փետուրն ես համբուրում

Վարդան Հակոբյան

Բառը ձի է, մի թամբիր, մի սանձիր, աչքակալներ մի դիր,-խոսիր այնպես, իբրեւ խոտն է բուսնում, որը ոչ ոք չի ցանել,խոսիր այնպես, իբրեւ չես խոսում, իբրեւ հոսում է կտրված երակիդ արյունը,խոսիր այնպես, իբրեւ դեռ չես ծնվել, չգիտես էլ՝ կծնվես, թե չէ,եւ հայրդ, առաջին անգամ, դեռ նոր է մորդ ասում՝ սիրում եմ։Ճամփան ձի է, մի թամբիր, մի սանձիր, աչքակալներ մի դիր,-քայլիր այնպես, իբրեւ հորիզոնը աղջնակ է գրկաբաց, քեզ ընդառաջ է վազում,քայլիր այնպես, իբրեւ չես քայլում, արձակում ես ոտքերիդ մեջ կծկված հեռուները,քայլիր այնպես, իբրեւ Նարեկացին քեզ է սպասում Վանա լճի եզերքին,եւ «Գիրք ճանապարհիի» թրահեսան էջերն են մեր դաշտերը անծայրածիր։ Երկինքը ձի է, մի թամբիր, մի սանձիր, աչքակալներ մի դիր,-թռչիր այնպես, իբրեւ թեւերիդ վրա նժարում ես լույսն անկշռելի,թռչիր այնպես, իբրեւ չես թռչում, իբրեւ արյունդ եռման մեջ է Ավարայրում,թռչիր այնպես, իբրեւ փետուրն ես համբուրում ձիթենու ճյուղը կտցած աղավնու,եւ Նոյյան տապանը փրկած Արարատն ինքը դեռ խրված է ջրհեղեղի տիղմերի մեջ։Արեւը ձի է, մի թամբիր, մի սանձիր, աչքակալներ մի դիր,-բառավորվիր այնպես, իբրեւ տառերը ստեղներ են խաչքարին Գտչավանքի,ճամփավորվիր այնպես, իբրեւ Մհերը դուրս է եկել քարայրից ու «մըր Էրգրից» չի գաղթելու,երկնավորվիր այնպես, իբրեւ վառվում է ճակատիդ արյան շիթը Հիսուսի,եւ քո դարձի մեջ տուն են դառնում նրանք, ովքեր երբեք տուն չեն դառնալու։