Լույսի ծավալումներ
Վարդան Հակոբյան
ԼՈՒՅՍԻ ԾԱՎԱԼՈՒՄՆԵՐԸ
(ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Լյուդվիգ Դուրյանի «Արեւագրքի» մայր երակը կենսունակությունն է։ Եվ դա որքան տրամադրական, նույնքան էլ տրամաբանական է. չէ՞ որ այդ գիրքը բանաստեղծի խոսքն է՝ ասված առ արեւ։ Արեւամատյան։ Արեւը մեզ ներկայանում է դուրյանական գույներով ու երանգներով։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի երգը ճառագայթ նետի մինչեւ «առավոտ լուսոն», ապա... դեպի գալիքը։
Ու այստեղ է, որ պոետական մտքի ու զգացումների անդրադարձումները հոգիդ լցնում են գեղեցիկ արթնացումներով, քեզ հաղորդ անում իսկական պոեզիայի անզուգական ճշմարտություններին։ Ասել է թե՝ կյանքային է Դուրյանի բանաստեղծությունը, նրա արեւը որքան երկնային, բարձր, նույնքան էլ երկրային է, հողոտ ու հողաբույր։
Եվ ապա՝
Լյուդվիգ Դուրյանի ձայնը հնչում է «արեգական ակունքներից», արեւի անսպառ գույները նա «թարգմանում» է հոգու լեզվով. տեսանելի դարձնում սրտի համար։ Եվ, ինչպես չէ, նրանցով ողողում է էությունդ. վսեմացնում, պարզում։ Երազիդ ափերն ի վար խշշացող եղեգները «Արեւագրքի» շողերից ջերմանում են, շրջում անբառ խոսքեր, իրենց նվագներով թափանցում քո մեջ, ձուլվում աչքերիդ լույսին։ Եվ բանաստեղծության կյանքային լինելը դա է հենց։ «Այն բանաստեղծությունը,- ասել է Գյոթեն,- որ կյանքից չի վերցրված, ինձ համար ոչինչ է»։
Լյուդվիգ Դուրյանն ունի աշխարհընկալման, երեւույթների վերարտադրման իր ելակետը, որն անպայման մարդու եւ մարդկայինի մեջ է. նա դրսից ոչինչ չի դիտում, առավել եւս՝ չի ուզում ցույց տալ, ներկայացնել։ Նա ունի իր ուրույն, դուրյանական աշխարհը, ուր երեւույթները մեկնվում, զննվում, ներկայացվում են ներսից, խորքով, էությամբ։ Եվ այդ ամենը պատկերավորությամբ, չպարտադրվող, բայց վարակիչ հուզականությամբ։ Եվ, որ ամենից հատկանշականն է Դուրյանի պոեզիայի համար, դա նրա խոսքի անմիջականությունն է, որը մտերմիկ կապ է հաստատում ընթերցողի հետ։
Նույն՝ «Արեւ հավքաբեր» բանաստեղծության մեջ, հավատարիմ մնալով երգի կառուցման ճարտարապետական իր սկզբունքներին, նա ստեղծում է հմայիչ պարզության այնպիսի տրամադրականություն, որ ընթերցողի մեջ միանգամից արթնանում են «անսահմանության հրապույրը մով» լցնող հազարավոր թեւեր.
«Արեւագրքին» հատուկ է նաեւ տողերի, տողարանքների ճերմակ տարածության տարողունակությունը։ Իսկ ինչո՞վ է բացատրվում դա. առաջին հերթին նրանով, որ բանաստեղծի բառը ցոլքեր ունի, ունի խորք ու գույն։
Իսկ այդ ամենը բխում է բանաստեղծի տաք ոճից, խիստ անհատականացված մտածողությունից։ Գրքի մեջ բանաստեղծություններն իրենք իրենց բացվում են ասես շողերի պես՝ ակունքվելով նույն լուսատուից։ Մարդը նույնանում է բնության հետ, ձուլվում է նրան, սակայն այնպիսի մղումով, որ օգնի բնության էլ ավելի վսեմացմանը։ Ու այստեղ է, որ բանաստեղծի խոհերն ու զգացումները համամարդկայինի հնչեղության են հասնում։
Պոետական ուրույն անհատականություն է Լյուդվիգ Դուրյանը։ Եվ, բնական է, որ նրա պոեզիան որքան հուզառատ ու զգացմունքային, նույնքան էլ հարուստ տրամաբանական շեշտեր ունի։ Այն ոչ միայն հուշում է կամ ասում, այլ ՀՈՒԶԵԼՈՎ ԱՍՈՒՄ Է, ԱՍԵԼՈՎ ՀՈՒԶՈՒՄ, ընթերցողի հայացքի մեջ դառնում է լույս, իր մեջ մեծ խորհուրդ ունի։
Բանաստեղծի հայեցակետը պարզ է։ Անհունորեն մարդկային մտածում է՝ դառնալ «հող, մայր հող եւ ոչ թե փոշի»։ Արեւի պես լինել ամենատես, լինել միակը, բայց՝ ամենքինը. սա է գրքի առանցքը։ Եվ, իհարկե, գրքի հաջողվածության առաջին նախապայմաններից մեկն էլ այն է, որ բանաստեղծի երգած արեւը սոսկ լուսատու չէ, դա «մայրական արեւ» է, «ծլարձակման արեւ», «արեւ ծաղկումի», «արեւ հավատի», այսինքն՝ այն արեւը, որով երդվել կարելի է, այն արեւը, որ լավ երգից ջերմանալ գիտե։ Եվ որքա՜ն հավաստի է հնչում, երբ պոետը գրում է. «Դու եղբայրության գերբն ես, արեւ»։
Տարողունակ մատյան է «Արեւագիրքը», այն գրված է ազնիվ ու անխառն ներշնչանքով, պարզ ու անպաճույճ, ինչը հատուկ է Լյուդվիգ Դուրյանին՝ հայ ժամանակակից քնարերգության ամենանուրբ ու ինքնատիպ դեմքերից մեկին։
Արեւին դիմելով` նա բացահայտում է մարդուն, արեւին խոսեցնելով՝ մարդուն է ներկայացնում` ցույց տալով արեւի ծլարձակումը հողի վրա։ Արեւը բանաստեղծի համար «ճերմակամորթ է, սեւամորթ է, դեղնամորթ է, կարմրամորթ», ահա թե ինչու այն «եղբայրության գերբն» է։ Սրանից լավ՝ չի ասվի։ Բարձր մակարդակով է կատարված եւ գրքի նկարչական ձեւավորումը։
Ամփոփելով մեր խոսքը, նշենք, որ Լյուդվիգ Դուրյանի պոեզիան մեր գրականության այսօրվա աչքի ընկնող երեւույթներից մեկն է։ Պոետի բանաստեղծական լույսի ծավալումները նոր հորիզոններ են բացում ընթերցողի առաջ, նոր աշխարհներ։ Նրա երգը առավոտի պես թարմ է։ Եվ գեղեցիկ է տեսնել հազարամյա արեւի նոր մկրտությունն այդ երգի մեջ։