Կրկին՝ հրեշտակի թեւերի վրա
Վարդան Հակոբյան
ԿՐԿԻՆ` ՀՐԵՇՏԱԿԻ ԹԵՎԵՐԻ ՎՐԱ...
Հետաքրքիր երեւույթ է Ռոբերտ Եսայանի պոեզիան: Եվ անկրկնելի է ինքը` Ռոբերտը, որպես մարդ, անհատականություն: Արցախյան համազգային շարժման ու գոյամարտի մասին նրա քերթվածքները կարդալուց հետո միշտ գալիս եմ այն մտքին, որ պատերազմական թեմայով գրվող ցանկացած բառ թե ամբողջական երկ պետք է անցած լինի խրամատով, այլապես... պահը միջնորդվածավորություն է ստանում: Սա է ինձ մշտապես հուշում իմ կրտսեր գրչակից Ռոբերտը, որին երբեւէ չեմ տեսել որեւէ հավաքում կամ ժողովում, այլուր ելույթ ունենալիս, կուրծք ծեծելիս, նա կոնկրետ գործի ու ձեռնարկումի մարդ է. այդպիսի լռությամբ էլ, առաջիններից մեկը, կամավոր զենք է առել ու մեկնել ռազմաճակատ` ծոցում «թաքցրած» գրիչն ու ծոցատետրը: Հինավուրց հայկական հողն ազատեց` որպես հրետանու զինվոր, իսկ հոգեւոր աշխարհում «տարածքներ գրավեց» իր բանաստեղծությամբ: Ասել է թե` Աստծո դրած նշան ունի ճակատին:Շուշին ազատեցին Անդրանիկի ու Գարեգին Նժդեհի մերօրյա զինակիցները, դրա մեջ տեսնելով մեծագույն երանությունն այն, որը երազում էր անգամ մեր քերթության Վարպետը` Ավետիք Իսահակյանը. «Ախ, որքան, որքա՜ն կուզեի լինել զինվոր հասարակ, կռվեի, անդուլ... Անիի հզոր պարիսպների տակ...»:
Հայ զինվորը մեր կորուսյալ ու սուրբ աշխարհը վերադարձնելու անդրանիկ քայլն արեց Շուշիում: Շուշին դարձավ այն առաջինը, որի բաց ճամփեքով պիտի գան նաեւ Վանը, Ղարսը, Արդահանը... Դարասկզբի եղեռնական օրերից ցավն ու անտանելի կսկիծն իր մեջ ամփոփած վրիժակ է Ռոբերտը, չարենցյան խիզախումի ժառանգորդ։ Շուշին ազատելուց հետո էլ իր բազմամանչ ընտանիքով նա բնակություն հաստատեց այդ բերդաքաղաքում, որը, դեռեւս անցյալ դարի սկզբին, մեր մշակույթի ու դպրության անզուգական կենտրոններից մեկն էր` սրբագործված Մուրացանի, Աճառյանի, Աղայանի, Լեոյի եւ ուրիշ բազում նվիրական անուններով... Իսկ շուշեցի հասարակ ուսուցիչ Ավետիք Բահաթրյանի ձեռագիր գրքին Չարենցի տված գնահատականն ուղղակի սիրտ է լցնում, գիրք (արձանագրենք հպարտությամբ), որ ծնվել է Շուշիում... Շուշիում այսօր ապրող ու ստեղծագործող զինվորին տեսնելով, մտածում եմ, որ վերոհիշյալ հանճարեղությունն ու զարմանալիությունը հայոց արցախյան հողինն է... Ռոբերտը դարձավ Շուշիի գրական կազմակերպության հիմնադիր-ղեկավարն ու իր վերագտած քաղաքի դպիրն առաջին` ընկերների հետ: Միայն ուրախանալ կարելի է, թե ինչպես է աշխարհագրագետ Յակուտ ալ Համավու կամ Ստրաբոնի, Կաղանկատվացու եւ ուրիշ մեծանուն պատմիչների լեզվով անցած Արեւելից աշխարհի պատմության հավերժական ընթացքի մեջ Ռոբերտը հելուզում իր պոետական անեղծ ակունքներից բխող խոսքը... Եվ դա անում է իր բանաստեղծությունից եկող ոսկերչական այնպիսի նրբանկատությամբ, որ կրկին ու վերստին համոզվում ես, թե որքան ոսկեղենիկ է, «ճկուն ու բարբարոս» մեր լեզուն: Աշխարհվելով վերուստ տրված առաքելության մեջ` բանաստեղծը խտացնում է իր կերպարում ոչ միայն պատմություն կերտող զինվորի ու մտավորականի, արվեստագետի, այլ նաեւ պատմիչի նկարագիրը: Նրա առհավատչյան է ընթերցողին ներկայացվող այս գրքույկը («Հրեշտակը»), որում հեղինակը հանգամանորեն անդրադառնում է Շուշիի ինչպես կրթամշակութային, պատմական, ճարտարապետական, երաժշտական, այնպես էլ բոլոր այն խնդիրներին, որոնցով ապրում է մոխիրներից փյունիկվող բերդաքաղաքը: Հիշարժան է, անշուշտ, մեր ազատամարտի հերոսներից մեկի՝ Շուշիի ազատագրման գործում իր արյունը չխնայած շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի աջակցությունը: Կարգն այսպես է բերդաքաղաքի. յուրաքանչյուր Շուշեցի ամենից առաջ զինվորյալ է` մարտիկ-քաղաքապետ, մարտիկ-բժիշկ, մարտիկ-շինարար, մարտիկ-բանաստեղծ, մարտիկ-հացթուխ, մարտիկ-խմբագիր, մարտիկ-հավաքարար... Հայի ճակատագիր է, օրվա պահանջ: Անգամ երկրի պրեզիդենտն է նախ մարտիկ...
Ասում են, երբ հայոց մեծերը խորհրդային տարիներին այցելում էին Շուշի, տեսնելով անցյալ դարի քսանական թվականներին թուրքերի կողմից ավերված ու դեռեւս ծխաթակ, անտանիք պատերը, հառաչում էին, նշելով, որ այդ «ողբերգությունը մեր պատմության ամոթն է»: Այսօր Շուշիի դեմքից ջնջվում է մեր «պատմության ամոթը», հառնում է մեր հաղթության վկա Շուշին... Եվ այդ ամենը չի կարող չզգալ ու խորապես չվերապրել իր ժողովրդի զինվորյալ բանաստեղծ Ռոբերտը, բոլորանվեր Հայը, երբ ամեն անգամ Շուշիում, արյամբ նվաճած իրավունքով, ոտք է դնում մեր ազգային երեւելիների սուրբ ոտնատեղերին...