Մեղեդին իջավ ծաղկունքի վրա
Վարդան Հակոբյան
Մեղեդին իջավ ծաղկունքի վրա,օրս հովի հետ ալիքվեց ձորում,մեր կարոտները չգտան իրար,այս ի՞նչ վարդեր են միտքս օրորում։Որ ծաղկի ձեռք եմ մեկնում - կրակ է,ով է աշխարհը մատնել հրդեհի,կանաչը ասես փափուկ կատակ է,տագնապ կա մի ցուրտ, բա՞ն չպատահի։Թե իմ արցունքը ծաղկունքին ընկնի,կզգա՞ն ծաղկունքը, իմ խինդ ու սերը.իմ բախտը իմն է, ոչ ոք չփնտրի,դժվար է լինել իմ ցավի տերը։Մեղեդին իջավ ծաղկունքի վրա,սերս հովի հետ մոլորվեց ձորում.մեր ձեռքերն արդեն գտել են իրար,բայց, մենք իրարից այնքա՜ն ենք հեռու։