Հիշատակի տրորված ծաղիկներ
Վարդան Հակոբյան
Եզովպոսը՝ մի քանի կտոր քար մաղախի մեջ, որոնցով նա սնվում է, վերջերս հաճախ է իմ դուռը ծեծում։ Կան հասցեներ, որոնք, առանց հարցնելու, բոլորն իմանում են։ Աչքի վերջին սահմանը, դա անվերջությունն է անսահմանի։Չեմ սիրում ես «գայլերի պես ոռնալ քաղաքական միտինգներում», բայց հայրենիքում ամեն ինչ ինձ ստիպում է, որ լինեմ ոչ հայրենիքում։ Օտարություն են ստեղծում հայրենիքում, որ մար- դիկ օտարությանը կարոտելիս, այլեւս չլքեն հայրենիքը։ Դեւերն արեւի վրա սիրաբանում են։ Հույսն առանց հավատի խաբեբա է դառ- նում ի վերջո։ Եվ ես պատուհաններ եմ պատվիրում պատերի համար, որ ձգվում են մարդկանց միջեւ, փակուղիների համար ելքի դռներ եմ սարքում։ Մոլեգնում է քաղաքական թռչնագրիպը։Ես միշտ վերադառնում եմ այնտեղ, ուր վառած մոմս չի մարում։ Առուն հուշ է տանում հեռվին եւ դա կապ չունի քաղաքականության հետ։ Ոչ մի զինվոր չէր ուզում հայրենիքի համար մեռնել, բոլոր զինվորներն էլ ուզում էին հայրենիքի համար ապրել։ Բառը, ի վերջո, հիշատակի հոգնած ծաղիկ է։Ասում են՝ աղն է ծովի կանաչը փոխում կապույտի։ Սերը հնչում է որպես զավեշտ։ Ընդառաջելով սեղանիս աքլորին, նրա փոխարեն մեկ-մեկ «ծուղրուղու» եմ կանչում, որովհետեւ ինքը թեեւ քա- րից է, բայց արեւածագի նկատմամբ խիստ գերզգայուն է։