Մենարան Վարդան Հակոբյան

Քեզ

Վարդան Հակոբյան

Քարերն ընկած մի աղբյուր ծարավ հավքին է փնտրում, -Շոգը որպես մեղվապարս իր մեջ կծկեց օրը դառն,Երկնի աչքում ցամաքող կուլ է գնում մի արծիվ,Հովիտներում հեռավոր խոտայրուքի բույր կա թարմԵվ ես ձեռքս քո ձեռքին՝ լույս եմ ըմպում աչքերով։Թարթիչներիդ վրա մութ սիրտս իջավ աստղի պես, -Հրատերեւ դողն ընկավ, կաթեց ուղիղ հոգուս մեջ,Աշխարհով մեկ մի ծաղիկ բուրվառում է կրծքիս տակ,Դուռս քո տան դռնից ներս բողբոջում է երազովԵվ ես լցվում ավշի մեջ, բարձրանում եմ ծառն ի վեր։Ջուրն եմ նետում գլխարկս՝ որպես կապույտ հավքի բույն, -Հետո այդ պարզ տապանում ես տեսնում եմ ինձ ու քեզ,Ապա կտցին աղավնու ճյուղն է ծաղկում ձիթենու,Ու սուրբ լեռան տաք հովտում սերդ գինի է դառնումԵվ ես կավե գավաթին խոնարհված եմ դարերով։Արշալույսի մարմրող անուրջները վառ են դեռ, -Քարից բխած ծիլի տակ քարը փխրեց, դարձավ հող,Ինձ փնտրում են աչքերս, որ տուն տանեն վերջապես,Մոտենում է ինձ հեռուն՝ ցավի բերած համբույրով,Եվ ես աչքս քո աչքին՝ վարդ եմ քաղում... աչքերով։