Աշնան վիմագիրը
Վարդան Հակոբյան
Աչքս փակում եմ - ահա Բեթհեզդա լիճն է մտնում Անդրե Ժիդը՝ շարժելու քնած ջուրը, որով Հիսուսը մաքրագործում է երկիրը։Աչքս փակում եմ - ահա, Բելլերոֆոն պոետներից, հինգ րոպեով, խնդրել է Պեգասը եւ թռչում է՝ սպանելու հրեշին։ Ուր է՝ թե։Աչքս փակում եմ - ահա, Ալմավիրի հերցոգն ուտում է սպասյակին՝ իր դիետային խիստ հավատարիմ (տես՝ Յա. Հաշեկ), բայց քանի որ մոռացել է աղի մասին, միսը ոչ այն է՝ հավի, ոչ այն է՝ էշի մսի համ ունի։Աչքս փակում եմ - ահա, տատս երեսարանք է տալիս Աքիլլեսին՝ միթե կարելի է Քսանթոսի նման ձիուն կառքի լծկան դարձնել, չէ՞ որ նա անկրկնելի գուշակ է ու բանաստեղծ։Աչքս փակում եմ - ահա, համբուրում եմ տխրությունը մեր չհանդիպած օրերի։ Բարձրաձայն կանչում եմ, չգիտեմ՝ թե ում։ Եթե երկինք չկա, ապա որտեղո՞վ են թռչում հավքերը։Աչքս բացում եմ - ահա, աշնան ինքնագիրը խոտերի վրա ոչ մի կերպ չի ընթերցվում, իսկ համաշխարհային եղանակը խոստանում է անԱրարատ ջրհեղեղ։